National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.03.2023
Ադրբեջանն այսօր էլ շարունակում է սադրանքները, ճնշումները եւ ռազմական նկրտումները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ. Սեյրան Օհանյան
1 / 6

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մարտի 23-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է ԱԺ նիստերում քննարկման առաջարկված իրենց նախագծերին՝  «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ» եւ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծերին՝ ներկայացնելով դրանք խորհրդարանի կողմից չընդունվելու պատճառները:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Լաչինի միջանցքը փակելու հենց առաջին իսկ օրերին «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ԱԺ հայտարարության նախագիծ, սակայն դրա փոխարեն ընդունվել է ԱԺ մեծամասնության հեղինակած նախագիծը՝ «Հայաստան» խմբակցության նախագիծը մղելով երկրորդ պլան:

Խմբակցության ղեկավարը ՀՀ իշխանությունների կողմից խաղաղության օրակարգի քննարկումը ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակում անընդունելի է համարել: Նրա բնորոշմամբ դա կեղծ օրակարգ է, քանի որ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է իր սադրանքները, ճնշումները եւ ռազմական նկրտումները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ:

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հետ կապված հարցի կապակցությամբ Արծվիկ Մինասյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող էր գնալ այլ ճանապարհով՝ նախագծին կողմ քվեարկելով, ինչի արդյունքում դիմումը խորհրդարանի կողմից կգնար դատարան, եւ դատարանը կկայացներ իր որոշումը, որը բեկանման ենթակա չէր լինի:

Որքանո՞վ է այժմ հավանական ռազմական գործողությունների վերսկսումը եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հատկապես, երբ այդ հնարավորությունը շատ շուտով հավանական է համարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, լրագրողի հարցին պատասխանելով՝ Սեյրան Օհանյանը պարզաբանել է, որ ցանկացած միջպետական պայմանագիր պետք է վավերացվի Ազգային ժողովի  կողմից: «Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պաշտպանելով քո երկրի շահերը: Խաղաղության գնում են այն պայմաններում, երբ հակամարտող կամ պատերազմող երկու պետությունները պայմանավորվել են իրար հետ դառնալ հարեւան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ ապրելու: Արդյո՞ք այս իրավիճակում Ադրբեջանի գործողությունները խոսում են այն մասին, որ նրանք կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Հայաստանի Հանրապետության հետ»,- հարցրել է Սեյրան Օհանյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի կողմից հնչող պարտադրանքների, ճնշումների, պատերազմով վախեցնելու գործողությունների մասին:

Նա հավելել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող կոնկրետ նախապատրաստական գործողությունները, Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ տիրող իրավիճակը խոսում են այն մասին, որ այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում: Եվ պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի: «Սա ասում եմ ոչ թե մեր հայրենակիցներին վախեցնելու, այլ նաեւ պատրաստակամության համար, որ, ի վերջո, պետք է համախմբվել ու գնալ սեփական հողը պաշտպանելու»,- ասել է Սեյրան  Օհանյանը:

Այն հարցին, թե ինչ նպատակադրում ունեն ադրբեջանական Զինված ուժերը, Սեյրան Օհանյանն ասել է, որ դրան կարող է գնահատական տալ միայն այն մարդը, որը լուրջ հետախուզական տվյալներ ունի հակառակորդի վերաբերյալ, իսկ դա իշխանություններն են:

«Տիրող աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, եւ նաեւ այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, խոսում են այն մասին, որ ցանկացած ժամանակ բախում կարող է լինել»,- նշել է խմբակցության ղեկավարը:

Պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր խմբակցության տեսակետին՝ Կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցության վերանայմանը՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ առաջիկայում խորհրդարանի նիստում քննարկվելու է Կառավարության տարեկան զեկույցը, որին «Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է, քանի որ զեկույցի վերաբերյալ շատ հարցեր ունի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am